Արմինֆո. Կարծիքները, թե Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը Ռուսաստանի հետ հայերի համագործակցության, կամավորական շարժումների և այլնի հետևանք է, միանշանակ զուրկ են հիմնավորումներից ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
<Օսմանյան կառավարության ցեղասպանական առաջին ծրագիրը ստեղծվել են դեռևս 1876 թվականի մայիսին, և այն ուղղված էր բուլղարների դեմ: Դրանից հետո էլի եղան ցեղասպանական ծրագրեր. մեկը՝ 1890-ական թվականներին՝ ուղղված հայ ժողովրդի դեմ, մյուսը՝ 1915 թվականին, և մյուս ցեղասպանական ծրագիրն արդեն 1920 թվականին էր ստեղծվել՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Օսմանյան կայսրությունում իշխող վերնախավը և հետագայում քեմալականները ազգային հարցի լուծումը տեսնում էին բացառապես ժողովրդի բնաջնջման մեջ>, - ընդգծել է նա ։
Հայոց ցեղասպանության նախապատրաստումը, ըստ ակադեմիկոսի, սկսվել է 1910 թվականին երիտթուրքական կուսակցության կարևոր խորհրդակցությամբ, որից հետո տեղի է ունեցել նրանց համագումարը: Վերջնական ծրագիրը պատրաստ էր 2014 թվականի վերջին։ Եվ այստեղ շատ կարևոր է հիշատակել 1912-14 թթ. <հայկական ճգնաժամը>, ինչի դրա արդյունքում ընդունվեց համաձայնագիր, որն Օսմանյան կայսրությունն ստիպված էր ստորագրել եվրոպական հինգ ամենակարևոր երկրների հետ: Դրանով նա համաձայնեց, որ Արևմտյան Հայաստանը կամաց-կամաց դուրս է բերվում Օսմանյան կայսրության իշխանությունից:Սաֆրաստյանը ցավով նշել է, որ այս ծրագրի իրականացմանը խանգարեց Առաջին համաշխարհային պատերազմը։
Այնուամենայնիվ, Օսմանյան կայսրության և երիտթուրքերի վերնախավը, ըստ ակադեմիկոսի, դրանից պատշաճ հետևություններ արեցին՝ գիտակցելով, որ արդեն սկսվում էր Արևմտյան Հայաստանի ինքնորոշման հնարավորություններ ստեղծելու գործընթացը։ Ինչին արդեն 1915 թվականին պատասխանեցին հայ ժողովրդի ցեղասպանությամբ։ Հետագայում նույն երիտթուրքերը մտադիր էին շարունակել հայ ժողովրդի բնաջնջման գործընթացը՝ արդեն քեմալականների անվան տակ։
<Պետք է նշել, որ այսօր Թուրքիայում իշխող <Արդարություն և զարգացում> կուսակցությունը երկիրը կառավարում է՝ պանթուրքիստական <Ազգայնական շարժում> կուսակցության հետ կոալիցիա կազմելով ։ Դա վկայում է այն մասին, որ պանթուրքիզմն այսօր թուրքական պետության կառավարման մեջ ընդունելի գաղափարախոսություններից մեկն է ։ Այս պահին Թուրքիայի զինված ուժերը տեղակայված են Սիրիայում, Լիբիայում, Կիպրոսում, Իրաքում, Քաթարում, փաստացի ՝ Նախիջևանում ։ Ասել է թե ՝ Անկարայի քաղաքականությունն այսօր վտանգ է ներկայացնում ոչ միայն հարևանների, այլև, օրինակ, Լիբիայի համար>, - ընդգծել է նա ։
Ակադեմիկոսի գնահատականներով, այսօր էլ՝ Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց,
Թուրքիան շարունակում է սպառնալիք ներկայացնել հայ ժողովրդի գոյությանը ։ Մասնավորապես, նպաստելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը ՝ իր տրամադրության տակ գտնվող բոլոր դիվանագիտական և այլ միջոցներով ։ Ավելին, Անկարան չի դադարում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին միջամտելու բավական լկտի փորձեր ձեռնարկել։ Ընդ որում, շատ լավ հասկանում է դրանց ապարդյուն լինելը ՝ ձգտելով ընդգծել սեփական նշանակությունը հարավկովկասյան քաղաքականության մեջ ։
<Ժամանակակից Թուրքիայի քաղաքականությունը հիմնված է սիմվոլների վրա ։
Անկարան միշտ փորձում է իր հզորության մասին ավելին ցույց տալ, քան իրականում կա։ Հարևան երկրների և նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի նկատմամբ ճնշումները, վերջնագրերը, շանտաժը Թուրքիայի փորձն են ՝ աշխարհին ցույց տալու, հիշեցնելու իր օսմանյան անցյալի մասին ։ Նույն կերպ են թուրքերն իրենց պահում Արցախյան հարցի նկատմամբ ։ Մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ Թուրքիան Ադրբեջանին կարող է օգտագործել իր նպատակների համար, դրդել վերջինիս ավելի ագրեսիվ գործողությունների Հայաստանի կամ Արցախի դեմ: Սա թուրքական ռազմավարության մի մասն է>, - ամփոփել է ակադեմիկոսը։