
Արմինֆո.Մեր պատերազմը չի ավարտվել ո՛չ առաջնագծում, ո՛չ միջազգային հարթակներում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Թևան Պողոսյանը։
< Ես դա ասել եմ 2015 թվականից ի վեր։ Ով և ինչի համար պետք է մեզ թիրախավորի, այլևս կարևոր չի այնքանով, ինչքանով որ մենք պետք է պատրաստ լինենք այսօրվա թշնամիներին հաղթել: Այնպես որ, եկեք մեր շահերն առաջ տանելով ապրենք ու աշխատենք>,- նշել է նա։
Ապրիլի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կողմերի կողմից 2019 թվականի ապրիլին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ընդունված փաստաթղթի ստորագրումը բնութագրել է՝ որպես ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի կատարման կարեւորագույն քայլ:
<Այդ փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցման հիման վրա կարգավորման առաջխաղացում։ Կարծում եմ, որ առաջին փուլում առավել հրատապ խնդիրների լուծումն է, Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատումը եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաշրջափակումը>, - հայտարարել Է Լավրովը:
Պողոսյանն ընդգծել է, որ Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ վերցնեն ու նրանից ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: <Եթե որևէ բան լինի, կլինի միայն պատերազմով, իսկ այդտեղ մեղադրել կարող ենք միայն մեզ, որ չկարողացանք լավ կռվել ու նորից հաղթել: Արցախցին է իր հողի տերը: Դա նշանակում է հայն է տերը, ու, վստահ եմ, որ ամբողջ հայությամբ էլ տեր ենք լինելու>,- ասել է նա։
<Տարբեր երկրների նախագահներ, վարչապետներ, ԱԳ նախարարներ, դեսպաններ, միջնորդներ կգան ու կգնան: Առաջարկներ կանեն զանազան` ու միշտ իրենց երկրների շահերից ելնելով: Մեր նպատակն է, որ մենք մնանք ու չգնանք: Դա է մեր շահը, ու եկեք մենք մերն իրականացնելով զբաղվենք: Ու այս գործում ո՛չ լավրովների, ո՛չ ուորլիքների, ո՛չ իշինգերներ, ո՛չ էլ այլոց առաջարկները չեն կարող ազդել: Իրենք իրենցն են ցանկանում, մենք մերը պետք է առաջ տանենք: Հողեր պահելով՝ միշտ կբանակցենք անվախ, հանձնելուց հետո բանակցելու ենք վախից դրդված>,-ամփոփել է փորձագետը։