Արմինֆո. 2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի նիստն անցել է նորմալ պայմաններում եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Այդ մասին ապրիլի 16-ին լրագրողներին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ դուրս գալով նիստերի դահլիճից։ "Ես համոզվեցի, որ խորհրդարանական հանձնաժողովի նիստին գալու իմ որոշումը լիովին արդարացված էր։ Շատ ուրախ եմ, որ կարողացա լրացուցիչ տեղեկություններ տրամադրել ապրիլյան իրադարձությունների մասին", - ընդգծել է նա։
Միաժամանակ, Սերժ Սարգսյանն ափսոսանք է հայտնել, որ հնարավորություն չունի այսօր պատասխանել լրագրողներին հուզող բոլոր հարցերին: "Բայց դա ոչ թե այն պատճառով, որ խոսքը չափազանց մեծ գաղտնիքների մասին է, այլ այն պարզ պատճառով, որ նման կարևորության հարցերը չէի ցանկանա հանրությանը հասցնել նման մթնոլորտում՝ "ոտքի վրա" և միմյանց խոսք կտրելով։ Ես այլ նպատակ ունեմ", - ասել է նա։
Այդ կապակցությամբ նախկին նախագահն ընդգծել է, որ նպատակ ունի հանրությանը հասցնել իրական տեղեկություններ այն ռազմական իրադարձությունների մասին, որոնց արդյունքում Հայաստանը հաղթել է ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև դիվանագիտական դաշտում:
"Վստահեցնում եմ ձեզ, որ արտակարգ դրության ռեժիմը երբ ավարտվի, չի լինի հարց, որի պատասխանը դուք չեք ստանա", - ասել է Սերժ Սարգսյանը՝ դիմելով լրագրողներին: