Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է ։ Այս մասին ապրիլի 14-ին Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի տեսակոնֆերանսին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1067 դեպք, ապաքինվել է 265 մարդ, մահացել՝ 16-ը: Մարտի 16-ից Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ, որը երկարաձգվել է մինչեւ մայիսի 14-ը: Հայաստանի կառավարությունը 11 միջոցառումներից բաղկացած փաթեթ է ընդունել համաճարակի սոցիալ-տնտեսական հետեւանքները մեղմելու նպատակով՝ ինչպես բնակչության, այնպես էլ բիզնեսի համար>, - հայտարարել Է վարչապետը: Փաշինյանն ընդգծել է, որ դրա հետ մեկտեղ լուրջ քայլեր են ձեռնարկվում տնտեսության խթանման եւ ճգնաժամային ծանր երեւույթների հաղթահարման ուղղությամբ, որոնց անխուսափելիությունն արդեն ոչ ոք կասկածի տակ չի դնում: <Այսօր մենք կանգնած ենք մարտահրավերների առջեւ, որոնք սպառնում են ոչ միայն մեր առողջապահական համակարգերին եւ քաղաքացիների առողջությանը, այլեւ իրենց բնույթով աննախադեպ խնդիրներ են ստեղծում մեր երկրների տնտեսությունների համար: Շատ փորձագետներ տեղի ունեցածը արդեն գնահատում են որպես համաշխարհային տնտեսության ռեցեսիա, որն իր մասշտաբներով կարող է համեմատվել Մեծ դեպրեսիայի հետ ։ Իրավիճակը վատթարանում է նաև այն բանով, որ հայտնի չէ, թե որքան կտևի պանդեմիան և ինչպիսին կլինի դրա զարգացումը մոտ ապագայում։ Համաճարակի հետևանքով առաջացած խնդիրների հաղթահարումը պահանջում է ուժերի առավելագույն լարում մեր կառավարությունների կողմից>,- հայտարարել է վարչապետը: <Սակայն, շատ երկրներ ստեղծված իրավիճակում գնում են միջազգային առևտրի սահմանափակումների: Որոշ տվյալների համաձայն, արդեն 70 երկիր մտցրել է բժշկական պարագաների ու դեղամիջոցների արտահանման սահմանափակումներ: Կարող է նաև ավելանալ ապրանքների ցանկը, և դա չի կարող մեզ չանհանգստացնել ։ Սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ ունեցող երկրների համար դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ։ Մենք այն ռազմավարության կողմնակիցն ենք, որը հիմնված է համագործակցության ու գործընկերության վրա, եւ առաջնային է մեզ համար մռր միության շրջանակներում համագործակցությունը>,-ընդգծել է Փաշինյանը: <Վստահ եմ, որ մեր միությունը ոչ միայն կդիմանա տնտեսական ճգնաժամի փորձությանը, այլեւ դրանից դուրս կգա նվազագույն կորուստներով ։ Հայաստանը պատրաստ է դրա համար գործադրել բոլոր ջանքերը։ Խաղաղության պահպանումը, զինված հակամարտությունների դադարեցումը եւ միջազգային հանրության միասնությունը համաճարակի մարտահրավերների եւ տնտեսական ճգնաժամի դեմ հաջող պայքարի պարտադիր պայման է: Մեր ինտեգրացիոն միավորման համակարգաստեղծ սկզբունքն ազատ առևտուրն է, և մեր գործողությունները պետք է հիմնված լինեն այդ սկզբունքի պահպանման վրա։ Ստեղծված պայմաններում մենք անընդունելի ենք համարում միջոցների ձեռնարկումը, որոնք խոչընդոտում են ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժը>, - նշել է նա ։ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի համար նաև չափազանց կարևոր է ԵԱՏՄ երկրների հետ բեռնափոխադրումների իրականացումը։ <Ռուս-վրացական սահմանն այս առումով կենսական նշանակություն է ձեռք բերել մեզ համար ։ Հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական համակարգի անորոշությունը ՝ անհրաժեշտ ենք համարում արագացնել միջոցների ձեռնարկման գործընթացը ՝ ԵԱՏՄ-ի ներսում ազգային արժույթներով վճարումների մասնաբաժնի հնարավորինս մեծացման համար>,- ասել է վարչապետը։ Նա կարևորել է միության շրջանակում իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլերը, մասնավորապես՝ <կանաչ միջանցքներ> ստեղծելու գաղափարը: <Ակնհայտ է, որ մաքսային ընթացակարգերի դյուրացումը սկզբունքային նշանակություն ունի մեր երկրի արտաքին տնտեսական կապերի պահպանման համար: Հարկ է նշել նաև Եվրասիական զարգացման բանկի կողմից միության անդամ երկրներին վարկային աջակցության տրամադրման միջոցառումների նպատակահարմարությունը>, - նշել է վարչապետը ։ Եզրափակելով խոսքը ՝ Փաշինյանը նշել է, որ պանդեմիայի հետ կապված իրավիճակը յուրօրինակ փորձություն է ԵԱՏՄ-ի համար ։ <Մեր երկրների համագործակցության պատրաստակամությունը վկայում է այն մասին, որ ինտեգրումը կայացել է եւ զարգացման մեծ ներուժ ունի>, - եզրափակել է Փաշինյանը: