Արմինֆո.Հայաստանում մայրական մահացության բացասական ցուցանիշ կարող է գրանցվել։ Այդ մասին ապրիլի 10-ին ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ։
Թորոսյանը տեղեկացրել է, որ նախորդ տարի Հայաստանում մայրական մահացության բավականին մեծ թվով դեպքեր են հայտնաբերվել ։ Հիշեցնենք, որ միայն 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին այդ ցուցանիշը հասել է 10-ի: Նախարարի խոսքով, դրանց մեծ մասը կապված է եղել էքստրագենիտալ հիվանդությունների հետ, այսինքն, կապ չեն ունեցել հղիության եւ ծննդաբերության հետ: Չնայած դրան՝ նախորդ տարվա ցուցանիշները, ինչպես Թորոսյանն է ասել, մտորումների տեղիք են տալիս։ Մասնավորապես, դա ցույց է տալիս հղիության ընթացքում եւ ծննդաբերությունից հետո կանանց առողջական վիճակի նկատմամբ վերահսկողությունը շարունակելու անհրաժեշտությունը: Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը հաշվարկվում է երեք տարվա կտրվածքով, քանի որ կիրառվող մեթոդաբանության համաձայն, ցուցանիշը հաշվարկվում է 100 հազար նորածինների տվյալների հիման վրա: Իսկ հանրապետությունում ամեն տարի լույս աշխարհ է գալիս շուրջ 30 հազար երեխա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը 20-ից ցածր է, մինչդեռ ԱՊՀ երկրներում այդ ցուցանիշը կազմում է միջինը 29.4:
Թորոսյանը նաեւ տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է ընդլայնել վերարտադրողական տեխնոլոգիաների մատչելիության ապահովման պետական ծրագրի շահառուների շրջանակը: Այս ծրագիրը ներդրվել է անցած տարվա սեպտեմբերից և, ըստ նախարարի, ունի շոշափելի արդյունքներ ։ Այս կապակցությամբ ընթացիկ տարվանից այն կարող է ընդլայնվել ՝ հասանելի դառնալով նաև սահմանամերձ շրջանների բնակիչներին: Միայն վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների մասով է ծրագրում դրված շուրջ 1 մլրդ դրամ։
Մեկ տարվա ընթացքում կարող է ընդլայնվել նաև սուր իշեմիկ ինսուլտների բուժման պետական ծրագիրը, դրա իրագործումը կարող է ներառել նաեւ Վանաձորի եւ Գյումրիի բուժհաստատությունները, ինչպես նաեւ Երեւանի եւս երկու բժշկական կենտրոններ: Թորոսյանը չի բացառել, որ այս տարի կորոնավիրուսի առնչությամբ ստեղծված ճգնաժամը ստիպի կրկին անդրադառնալ իրականացվող ծրագրերին՝ տնտեսական ցուցանիշների փոփոխության հետեւանքով: Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի անդրադառնա առողջապահության ոլորտի բյուջեի վրա։