Արմինֆո. Եթե կորոնավիրուսով վարակման տեմպերը պահպանվեն, ապա ապրիլի 29-ին Հայաստանում կգրանցվի 3600 դեպք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք: Դրականը այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է, քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը: Բացասականը այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները», - գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի ժամը 11:00-ի տվյալներով, Հայաստանում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 28 նոր դեպք: Այսպիսով, ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 921 դեպք, ապաքինվել է 138 մարդ, մահացել է 10-ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 773 հիվանդ: