Արմինֆո. Արարատի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է։ Ցավոք, Արտաշատի բժշկական կենտրոնում առավոտյան արձանագրվել է մահվան դեպք։ Երևան քաղաքի բնակիչ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Հիմա, առավել քան երբևէ, պետք է լինենք պատասխանատու և համախմբված։ Տանը մնալով օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը։ Առողջ եղեք», - գրել է մարզպետը։
Հիշեցնենք, որ, վերջին տվյալներով, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 881 դեպք, ապաքինվել է 114 մարդ, մահացել է 9-ը։ Այս պահին փաստացի բուժում են ստանում 758 հիվանդներ, որոնց 90% - ը նույնիսկ ջերմություն չունեն։ 8 հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։