Արմինֆո.Վրաստանը խստացրել է Վերին Լարսի շրջանում ցամաքային սահմանը հատողների նկատմամբ վերահսկողության նորմերը։ Ինչպես այսօր հաղորդել Է "Ռուսթավի-2" հեռուստաընկերությունը, վրաց-ռուսական սահմանի Վերին Լարս անցակետի մոտ դաշտային վրան է տեղադրվել:
"Սահմանին թերմոսկրինինգ է իրականացվում. սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացու ջերմաստիճանը չափում են։ Կասկածելի ախտանշանների հայտնաբերման դեպքում անձին կտեղավորեն վրանում, իսկ հետո կտեղափոխեն բժշկական հաստատություն, այսպես կոչված, ջերմություն ունեցող հիվանդների կենտրոն, որտեղ բժիշկները կհետեւեն, թե արդյոք հիվանդության հետագա ախտանիշներ ի հայտ կգան:
Բացի այդ, երկիր ժամանող բոլոր քաղաքացիները պարտավոր են անցնել երկշաբաթյա կարանտին։ Բոլոր նրանց, ովքեր ժամանում են Վերին Լարսի անցակետով, Գուդաուրի առողջարանի կարանտինային գոտում են պահում: Ինչպես հաղորդել է "Գրուզիա-օնլայնը", անցակետում անվտանգության նորմերի խստացումը տեղի է ունենում կորոնավիրուսի լայն տարածումը կանխելու նպատակով։
Մարտի կեսերից Վրաստանը փակել է սահմանը բոլոր երկրների հետ։ Երկիր կարող են մուտք գործել միայն հայրենիք վերադարձող Վրաստանի քաղաքացիները, ինչպես նաև բեռնատար տրանսպորտի վարորդները։ -