Արմինֆո.Համաճարակի դեմ պայքարի շրջանակներում այս օրերին պետական համակարգն աշխատում է ուժերի գերլարումով: Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Լիարժեք մոբիլիզացիայի միջոցով անում ենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի ապահովենք բոլորիս անվտանգությունը եւ առողջությունը: Սակայն, մենք այս ամենից կարող ենք հաղթանակած դուրս գալ, միայն եւ միայն, եթե դրսեւորենք դժվարին պահերին համախմբված, միասնական եւ համերաշխ լինելու մեր բացառիկ հատկանիշը: Եկեք օգնենք միմյանց, լինենք պատասխանատու եւ կարգապահ: Մնացեք տանը, հետեւեք հիգիենայի կանոններին: Եթե ունեք հիվանդության ախտանշաններ՝ բարձր ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն, անմիջապես դիմեք ձեր բժշկին: Համոզված եմ, որ միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»,- ընդգծել է պարետը:
Հիշեցնենք. վերջին տվյալների համաձայն, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 881 դեպք, ապաքինվել է 114 մարդ, մահացել է 9-ը։ Այս պահին բուժում են ստանում 758 հիվանդներ, որոնց 90%-ը նույնիսկ ջերմություն չունեն։ 8 հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։