Արմինֆո. Covid-19 Armenia հավելվածի ներբեռնումների թիվը գերազանցել է 34 հազարը։ Հիշեցնենք, որ հայ մասնագետների կողմից մշակված հավելվածն ուղղված է օգտատիրոջ մոտ համապատասխան ախտանշանների ժամանակին հայտնաբերմանը:
Մասնավորապես, օգտատերը հնարավորություն է ստանում պատասխանել իր առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցերի, և ստացված տեղեկատվության վերլուծության հիման վրա նրան կտրամադրվի տեղեկատվություն նրա հետագա գործողությունների մասին։ Անհրաժեշտության դեպքում նրա հետ կապվում են մասնագետները։
Ընդհանուր առմամբ, Covid-19 Armenia-ի միջոցով տագնապալի ախտանշաններ են հայտնաբերվել շուրջ 1450 մարդու մոտ, որոնց հետ հետագայում մասնագետները կապի են դուրս եկել: Արդյունքում 27 քաղաքացիների առաջարկվել է կորոնավիրուսի թեստ անցնել ։
Covid-19 Armenia-ն բազմաֆունկցիոնալ է ու ներառում է նաև վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի մեր գործողությունների վերաբերյալ, առողջապահական խորհուրդներ տարբեր իրավիճակներում վարակից զերծ մնալու մասին, կորոնավիրուսի հետ կապված վերջին վիճակագրությունը և այլն:
Covid-19 Armenia-ն աշխատում է Android ու iOS համակարգով հեռախոսներում և հասանելի է թե՛ Google Play (https://play.google.com/store/apps/details?id=am.gov.covid19), թե՛ AppStore (https://apps.apple.com/am/app/covid-19-armenia/id1505830061) հարթակներում: