Արմինֆո. 2016 թ. ապրիլյան պատերազմը տվեց հարցի պատասխանը, թե անկախության սերունդը որքանով է ի վիճակի պաշտպանել հայրենիքի անվտանգությունը: Այս մասին այսօր կառավարության նիսռում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<2016 թվականի ապրիլյան պատերազմի վերաբերյալ կան ամենատարբեր գնահատականներ, ամենատարբեր կարծիքներ, բայց կարծում եմ, որ պատերազմը, տեղի ունեցածը տվեց հարցերից թերևս ամենակարևորի պատասխանը: Իսկ հարցը հետևյալն էր, թե անկախության սերունդը որքանով է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունը և ինքնիշխանությունը: Եվ, կարծում եմ, այդ պատասխանը պերճախոս կերպով տրվեց, որովհետև մեր անկախության սերնդի զինվորները՝ իհարկե, ոչ միայն նրանք, բայց մեր անկախության սերնդի զինվորները, երիտասարդները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ՝ սրանով, ի վերջո, իսկապես պատասխանելով հարցերից թերևս ամենակարևորին: Եվ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ընդհանրապես պետք է վստահ լինի, որ, այո՛, Արցախյան ազատամարտի առաջին սերնդի մեր ներկայացուցիչներին՝ հայրենիքի պաշտպաններին, եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնպես, գուցե ոչ նույնկերպ, բայց նույնքան վճռական պատրաստ է կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում, և սա կարծում եմ՝ այլևս կասկածի տակ չէ>,- ասել է նա: