Արմինֆո. Մարտի 31-ին Ազգային ժողովը արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է "Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին" օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները, որոնք ենթադրում են կորոնավիրուսից մահացածների դիահերձման արգելքի կիրառում: Ուշագրավ է, որ նիստն անցել է առանց ընդդիմադիր խմբակցությունների մասնակցության։
Ինչպես նշել է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, այսօրվա դրությամբ հանրապետությունում համապատասխան պայմաններ չկան կորոնավիրուսից մահացածների դիահերձման համար, եղած պայմանները չեն համապատասխանում COVID-19-ի մասով սահմանված միջազգային չափանիշներին: Հաշվի առնելով, որ նոր տեսակի կորոնավիրուսի վարակման աստիճանը լիովին ուսումնասիրված չէ, COVID - 19-ից մահացածների դիահերձումը կարող է անդառնալի հետեւանքների հանգեցնել: Փոխնախարարը պարզաբանել է, որ կորոնավիրուսի դեպքում նախատեսվում է, որ դիահերձում չի իրականացվի՝ հաշվի առնելով տվյալ ախտորոշումը հաստատող համապատասխան բժշկական փաստաթղթերի առկայությունը: