Արմինֆո. Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, Անկարայի կողմնակալ և ապակառուցողական դիրքորոշման հերթական օրինակն է: Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ նաև նշվում է, որ այս հարցում Թուրքիայի կարծիքը լիովին համընկնում է Ադրբեջանի տեսակետի հետ:
<Անվերապահորեն սատարելով Ադրբեջանին և հանդես գալով հայտարարություններով, որոնք խաթարում են միջազգային միջնորդների ջանքերը՝ թուրքական կողմը լուրջ վնաս է հասցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։
Անկարայի մոտեցումներն ակնհայտ կերպով հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը, որոնք միջազգային հանրության կողմից օժտված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնելու մանդատով։
Արցախի Հանրապետությունում 2012 և 2015 թվականների ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդունում են «անհրաժեշտությունն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները ձգտում են ժողովրդավարական ընթացակարգերով կազմակերպել իրենց ժողովրդի հանրային կյանքը», ինչպես նաև ճանաչել են «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը՝ իրենց ապագան որոշելու հարցում»:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում Անկարայի ապակառուցողական քաղաքականությունը ևս մեկ անգամ հաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին Թուրքիայի անդամակցության բացարձակ աննպատակահարմարությունը>,- նշել են Արցախի ԱԳՆ-ում: