Արմինֆո.Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Ըստ որում, նա ավելացրել է, որ նրանք կտեղափոխվեն Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, մարտի 30-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող:
Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և պանդեմիայի պայմաններում ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ծառայության ուժերի ձեռնարկած գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Նշենք նաև, որ հակառակորդի այդ գործողությունների հետևանքով վիրավորված 14-ամյա պատանին վիրահատությունից հետո տեղափոխվել է մայրաքաղաքի հիվանդանոց: