Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը բուհերի ռեկտորներին առաջարկել է մինչեւ արտակարգ դրության ռեժիմի ավարտը ուսման վարձը չմուծած ուսանողներին չզրկել առցանց կրթություն ստանալու հնարավորությունից: Այդ մասին նախարարը հաղորդել Է Facebook-ի ուղիղ եթերում:
Հարությունյանը տեղեկացրել է, որ ինքը մի շարք հաղորդումներ է ստացել բուհերի ուսանողներից այն մասին, որ իրենցից պահանջում են վճարել ուսման վարձը: Այս առնչությամբ նախարարը գրավոր դիմել է ռեկտորներին՝ խնդրելով մինչև ապրիլի 14-ը, այսինքն, մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը, զերծ մնալ ուսանողների ուսման վարձը չվճարելուն առնչվող հեռացումներից:
Բացի այդ, եթե ուսանողները պատրաստակամություն հայտնեն կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները բուհի առջև, առաջարկվել է վճարումների ընդունումը կազմակերպել առցանց: