Արմինֆո. Մարտի 28-ին, ժամը 12:00-ի դրությամբ, 1889 քաղաքացի ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար: Այդ մասին մարտի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։
Նա նաեւ տեղեկացրել է, որ արձանագրվել է փոխադրամիջոցներում անձանց փոխադրման կանոնների (ավելի քան երկու անձ) խախտման 1843 դեպք, եւ ուղեւորներն իջեցվել են: "48 վարորդ ենթարկվել է վարչական պատժի ՝ սահմանված նորմերից ավելի անձանց տեղափոխման համար", - ընդգծել է Մհրյանը:
Խոսելով Արցախ մեկնելու սահմանափակումների մասին՝ Մհրյանը տեղեկացրել է, որ համաձայն սահմանված սահմանափակումների, մարտի 26-ից Հայաստանի և Արցախի միջև սահմանը 4 ուղղություններով փակ է, եւ Արցախ կարող են մուտք գործել այնտեղ հաշվառված անձինք, ինչպես նաև բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցները, բեռնատար մեքենաները՝ անկախ ծանրաբեռնվածությունից, իսկ թեթև մարդատար մեքենաները՝ միայն բեռի առկայության դեպքում։ Արցախ կարող են մեկնել նաև դիտորդներն ու լրագրողները՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։ "Սահմանն անարգել հատելու հնարավորություն ունեն Արցախի պաշտպանության բանակի համար մատակարարումներ իրականացնող կազմակերպություններ", - եզրափակել է փոխոստիկանապետը: