Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի քաղաքացիներից ներողություն է խնդրել պարետատան կիրառած սահմանափակումների համար:
<Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն հայրենակիցներին, ովքեր պահպանում են սահմանված արտակարգ ռեժիմը և կրկին ուզում եմ ներողություն խնդրել մեր այն հայրենակիցներից այս անհարմարությունների համար, բայց այս ամեն ինչն արվում է իրենց և մեր ընդհանուր ժողովրդի, հանրության, քաղաքացիների անվտանգության համար:
Եվս երկու հարցի եմ ուզում անդրադառնալ. առաջինը՝ մենք փաստորեն արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ մեր որոշման մեջ կատարեցինք որոշակի փոփոխություններ, և այդ փոփոխություններով խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները, ըստ էության, բերվեցին նվազագույն մակարդակի: Դրանք վերաբերում են բացառապես առողջապահական թեմաներին, և սա կարևոր արձանագրում է, բայց կարծում եմ, որ այդ ռեժիմը, որը գործում էր, շատ կարևոր էր, ընդհանուր առմամբ որոշակի հավասարակշռված դաշտ պահելու իմաստով: Կրկին ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ կորոնավիրուսի հետ կապված վստահեն միայն կառավարության և պաշտոնական մարմինների տված տեղեկատվությանը և ուշադիր լինեն ապատեղեկատվության նկատմամբ, այսինքն՝ չվստահեն որևէ տեղեկատվության, որը չի համընկնում կառավարության և պաշտոնական մարմինների հայտնած տեղեկությունների հետ>,- ասել է նա: