Արմինֆո.Այսօր մենք միանում ենք Արցախի մեր հայրենակիցներին և նրանց հետ մեկտեղ ոգեկոչում ենք մեկ դար առաջ Շուշիի հայկական ջարդերի բազմահազար զոհերի հիշատակը: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության տեքստում:
«Հարյուր տարի առաջ Ադրբեջանի առաջին հանրապետության զինված ստորաբաժանումները փորձեցին զենքի ուժով և խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացմամբ լուծել արդեն իսկ միջազգային օրակարգ մտած Ղարաբաղի հարցը: Արդյունքում այրվեց և ոչնչացվեց հայկական Շուշին, որը տարածաշրջանի տնտեսական, հոգևոր և մշակութային մեծ կենտրոն էր: Աննախադեպ դաժանությամբ իրականացված այս վայրագությունը ղեկավարեց Խոսրով բեկ Սուլթանովը, ով հետագայում՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին, ակտիվ մասնակցություն ունեցավ նացիստական զորքերի շարքում ադրբեջանական լեգիոնի ստեղծման գործում: Այնուհանդերձ, հրով և սրով Արցախն Ադրբեջանի առաջին հանրապետության մաս դարձնելու ծրագիրը տապալվեց և փաստացի դարձավ Ադրբեջանի անկախության կորստի պատճառներից մեկը: Այսօր, այս դեպքերից հարյուր տարի անց մենք մեր հարգանքի տուրքն են մատուցում բոլոր անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում ազատ հայրենիքում ապրելու և արարելու հայ ժողովրդի վճռականությունը», - ասվում է ԱԳՆ հայտարարությունում: