Արմինֆո. Արցախի Պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը:
ՙԱդրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները <<Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի>>, հերթական ապատեղեկատվություն է: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: Ուստի կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման՚, - ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում հաղորդում էր հայտնվել այն մասին, թե, իբր, հայկական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը Գերանբոյի ուղղությամբ, փորձել են սադրանք իրականացնել: "Հարձակումը հետ մղելու արդյունքում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է հակառակորդի մեկ զինծառայող։ Նրա մարմինն արդեն մոտ մեկ օր ընկած է չեզոք տարածքում։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է, սակայն իրավիճակը գտնվում է ադրբեջանական բանակի վերահսկողության տակ", - հաղորդել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը կորոնավիրուսի համաճարակի տարածման սպառնալիքի և երկրների կողմից տեղաշարժի սահմանափակումների պատճառով դադարեցրել է ղարաբաղյան հակամարտության գոտում առաջնագծի դիտարկման գործընթացը: Այդ կապակցությամբ հայտարարությամբ հանդես են եկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ հակամարտող կողմերին կոչ անելով ստեղծված պայմաններում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: