Արմինֆո. Արցախում իրավիճակն օրեցօր փոխվում է, և նման պայմաններում նախագահական ընտրությունների ելքի վերաբերյալ կանխատեսումներ անելը գրեթե անհնար է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը՝ Արցախից։
"Դժվար է ասել՝ արդյոք ընտրությունները կավարտվեն մարտի 31-ին, թե կլինի երկրորդ փուլ։ Ինչ վերաբերում է թեկնածուների հնարավորություններին, ապա շատ ամուր են Մասիս Մայիլյանի դիրքերը։ Եվ Սամվել Բաբայանի աջակցությունն էլ ավելի ամրապնդեց այդ դիրքերը։ Ես կառանձնացնեի Վիտալի Բալասանյանի էական աշխուժացումը, սակայն, նրա շանսերն ընդհանրապես հայտնի չեն։ Արայիկ Հարությունյանին արդեն ավանդաբար մեղադրում են ընտրողներին կաշառելու համար։ Ինքը բնակչությանն օգնություն ցուցաբերելու փաստը չի ժխտում՝ հերքելով միայն օգնության եւ ընտրությունների միջեւ կապը", - նշել է Սարգսյանը։
Ըստ Սարգսյանի՝ շատ արցախցիներ նախագահ Բակո Սահակյանին մեղադրում են այն բանի համար, որ նա ոչ միայն թույլ է տալիս Հարությունյանին նման "բարեգործություն" անել, այլև դրա համար ստեղծում է բոլոր պայմանները։ Սահակյանն, ընդ որում, Հարությունյանին բացահայտ աջակցություն չի ցուցաբերում։ Սակայն, բնակչության համար բացահայտ փող բաժանելուն նախագահի լուռ համաձայնության փաստն իսկ շատերին ստիպում է մտածել, որ իշխանությունը, այնուամենայնիվ, ծածուկ խաղադրույք է դնում Հարությունյանի վրա։
Ըստ վերլուծաբանի՝ Արցախում այսօր դիտվում է պայքար ընտրությունների անցկացման հին, ավանդական մեթոդների կողմնակիցների և այդ մեթոդների դեմ ապստամբած արցախցիների միջև։ Կանխատեսել, թե ինչ արդյունավետությամբ են ընտրությունների ժամանակ կիրառվելու հին մեթոդները նման պայմաններում նույնպես շատ դժվար է։
"Նման մեթոդներից մեկը լայնորեն կիրառվում է նախկին իշխանական համակարգի տարբեր ներկայացուցիչների կողմից։ Այստեղ դա անվանում են հեռախոսային ահաբեկչություն: Յուրաքանչյուր արցախցի գիտի, որ իրեն կզանգահարեն և կհուշեն, թե ինչ անել, ինչպես քվեարկել։ Այդ ահաբեկչությունը զարգացած է, հատկապես, շրջաններում։ Մարդկանց զանգահարում են եւ ճնշում, մատնացույց անելով, թե ում օգտին պետք է քվեարկել", - ամփոփել է Սարգսյանը:
Մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների հիմնական մրցակիցներն են նախկին պետնախարար, երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Արայիկ Հարությունյանը, և գործող արտգործնախարար Մասիս Մաիլյանը։ Հարությունյանին աջակցում են Արցախի գործող իշխանությունները, Մայիլյանին՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ևս մի քանի քաղաքական ուժեր։ Ընդհանուր առմամբ, Արցախի ԿԸՀ-ում գրանցվել է նախագահի 12 թեկնածու։