Արմինֆո.Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը զորակցության խոսքեր է հրապարակել Զագրեբում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի առնչությամբ: «Այս առավոտյան Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի ցավալի լուր. մենք մտովի և մեր աղոթքներով Խորվաթիայի ժողովրդի կողքին ենք։ Այս դժվարին ժամանակներում մենք բոլորս պետք է կողք կողքի կանգնած լինենք», - գրել է արտգործնախարարը ՙԹուիթերի՚ իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ կիրակի առավոտյան Զագրեբում երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են ևս մի քանի ստորգետնյա ցնցումներ։ Պաշտոնական տվյալների համաձայն ՝ Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վնասվել է 66 շենք եւ 23 ավտոմեքենա, տուժել է 17 մարդ:
Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հայտարարել է, որ տեղի ունեցած երկրաշարժը մայրաքաղաքի համար ամենահզորն էր վերջին 140 տարվա ընթացքում: