Արմինֆո. Հայաստանի եւ Իսրայելի նախագահների հեռախոսազրույցից հետո կապ է հաստատվել երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև: Այդ մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
ՙՆախագահի հեռախոսազրույցից հետո վերջինիս նախաձեռնությամբ կապ հաստատվեց երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։ Մեր հեռախոսային խոսակցության ընթացքում կիսվեցինք երկու երկրների փորձով և ճշգրտեցինք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների և վարակաբանների միջև։ Մեր խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք, որից 20-ը ինտենսիվ թերապիայի կարիք ուներ՚, - գրել է նախարարը։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։ Նախագահները տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ Իսրայելն աշխարհում ունի լավագույն, զարգացած ու առաջադեմ, գիտահետազոտական նորարարությունների վրա հիմնված ժամանակակից բժշկություն և առողջապահական համակարգ, նախագահ Սարգսյանը նշել է, որ Իսրայելի աջակցությունն ինչպես մասնագիտական խորհրդատվության, այնպես էլ սարքավորումների և պարագաների տեսքով զգալի օժանդակություն կլինի Հայաստանի համար կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում: