Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսի բռնկումը եւ մարտի 16-ից արտակարգ դրության ռեժիմի սահմանումը բացասաբար են անդրադարձել ռեստորանային ոլորտի վրա. մի շարք տեղական ռեստորաններ եւ հանրային սննդի այլ օբյեկտներ որոշում են կայացրել ժամանակավորապես դադարեցնել իրենց գործունեությունը: Միևնւոյն ժամանակ, ռեստորանատերերը չեն շտապում հաշվարկել հնարավոր վնասները՝ նշելով ողջ երկրի համար բարդ այս իրավիճակում համախմբման կարևորությունը։
Ինչպես ԱրմԻնֆոյի հետ զրույցում պատմել է Հայաստանի ռեստորանների ասոցիացիայի գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը դեռ տարեսկզբից սկսել է բացասաբար է անդրադառնալ ոլորտի վրա: Մի կողմից, այդ պահին հանրապետությունում չկար COVID-19-ի ոչ մի դեպք (կորոնավիրուսով առաջին հիվանդը հայտնաբերվեց մարտի 1-ին), սակայն վիրուսի տարածումն ամբողջ աշխարհում զգալիորեն նվազեցրեց զբոսաշրջային հոսքը։ "Հունվարի վերջից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը նվազել է, ինչն առավել սուր են զգացել մայրաքաղաքի ռեստորանները։ Այդ կապակցությամբ մենք վնասներ ենք կրում դեռ հունվար ամսից", - հայտնել Է Գեւորգյանը։ Արտակարգ դրության ռեժիմի սահմանումից հետո հանրային սննդի շատ օբյեկտներ փակել են իրենց դռները այցելուների առջեւ. ոմանք վերակողմնորոշվել են դեպի տուն սնունդ առաքելու հարցում, մյուսները կենտրոնացել են բուժաշխատողներին եւ մեկուսացված քաղաքացիներին անվճար համեղ սնունդով ապահովելու վրա:
"Մենք վերցրել երկշաբաթյա ընդմիջում, որպեսզի հասկանանք իրավիճակի հետագա զարգացումը: Կարծում եմ, որ արտակարգ դրության ռեժիմը կխորացնի առանց այդ էլ բարդ իրավիճակը ոլորտում, սակայն մենք հույս ունենք, որ հետագայում որոշակի կայունություն կապահովվի։ Պետությանը նույնպես ժամանակ է հարկավոր՝ կողմնորոշվելու առկա իրողություններում և վերլուծելու այն տեղեկատվությունը, որը տրամադրելու են բիզնես հատվածի ներկայացուցիչները։ Մենք նոր ենք մտել այդ փուլ, եւ հիմա դժվար է որոշակի բան ասել",- նշել է Գեւորգյանը։ Սուր հարցերից մեկն առնչվում է ռեստորանների վարձավճարին. հաշվի առնելով մայրաքաղաքում վարձակալության բարձր արժեքը՝ ժամանակավորապես փակվող ռեստորանների համար դժվար կլինի հետագայում "վճարել"։ "Քանի որ վարձավճարը անհատական հարց է, յուրաքանչյուր ռեստորան այն ինքնուրույն է լուծում վարձատուի հետ բանակցությունների միջոցով: Իհարկե, եթե այդ խնդիրը համակարգային բնույթ ձեռք բերի, ապա մենք հանդես կգանք միասնական դիրքորոշմամբ։ Բայց արդեն հիմա կարելի է ասել, որ վարձատուները ըմբռնումով են մոտենում այս իրավիճակին և ընդառաջում՝ կամ զրոյացնում են վարձավճարը, կամ իջեցնում են այն", - հաղորդել է Գևորգյանը։ Ինչ վերաբերում է գործունեությունը դադարեցրած ռեստորանների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, ապա դրանք իրականացվում են գործող օրենսդրությանը համապատասխան: "Այս պահին ռեստորաններն ստանձնել են սոցիալական պատասխանատվությունը", - ընդգծել է ասոցիացիայի ղեկավարը: