Արմինֆո. Կառավարությունը չունի որևէ արդարացված հիմնավորում պահանջելու Ամուլսարի ծրագրի շուրջ հարցադրումների նոր փուլ, որևէ այլ ընկերության Հայաստանում նման պահանջ չի ներկայացվել: Այս մասին ասվում է «Լիդիան Արմենիան»-ի հաղորդագրությունում՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 12-ի հայտարարության, որ կառավարությունը նպատակ ունի Ամուլսարի ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ հարցերի նոր փուլ սկսել, և շահագրգիռ կողմերին ներկայացվելու է 154 հարց՝ նրանց մեկնաբանությունները ստանալու համար:
Աղբյուրի համաձայն՝ վերջին 21 ամիսների ընթացքում «Լիդիանը» կորցրել է ավելի քան 119 միլիոն ԱՄՆ դոլար, հիմնական ժամանակն ու ռեսուրսները նվիրելով Ամուլսարի ծրագրի առնվազն 3 ամբողջական բնապահպանական տարատեսակ ստուգումների և փորձաքննությունների ընթացքում բարձրացված անհամար հարցերին պատասխանելուն:
<Ամուլսարի ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ բոլոր հարցերը սպառիչ պատասխաններ են ստացել, ինչը չի կարելի ասել «Լիդիանի» և Ամուլսարի ծրագրի հանդեպ ՀՀ կառավարության գործողությունների ու անգործության վերաբերյալ բազմաթիվ անպատասխան հարցերի մասին>,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ ՀՀ կառավարությունը պետք է ապահովի արդար և հավասար մրցակցային պայմաններ «Լիդիանի» նկատմամբ, ապահովի օրենքի գերակայությունը և պաշտպանի ոչ միայն «Լիդիանի» և նրա ներդրողների օրինական իրավունքները, այլ նաև Հայաստանի այն հազարավոր քաղաքացիների, որոնք մեծապես տուժել են Ամուլսարի ծրագրի ճանապարհների ապօրինի շրջափակման պատճառով և այս տևական ապօրինության արդյունքում շարունակում են կրել ահռելի սոցիալական և տնտեսական դժվարություններ: