Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցության շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերել, համաձայն որի՝ երկրի կրթական հաստատությունների աշակերտները կկարողանան շարունակել ուսումը հեռուստաընկերության եթերի շնորհիվ: Այս մասին մարտի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա տեղեկացրել է, որ տեսադասեր կլինեն հեռուստաընկերության եթերում ամեն օր ՝ ժամը 8:30-ից մինչեւ 9:30-ը, և կշարունակվեն ժամը 11:30-ից մինչեւ 12:40-ը:
Բացի այդ, նախարարը նշել է, որ առաջարկ է ստացվել UCom հեռահաղորդակցային ընկերության կողմից, որը պատրաստ է տրամադրել առանձին ալիք ՝ շուրջօրյա ռեժիմով դասեր անցկացնելու համար։ Այս փուլում նախարարությունը հանդիպումներ է ունենում ուսուցիչների հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել նման ձևաչափով դասեր կարդալ:
Դրա հետ մեկտեղ, բոլոր ուսումնական նյութերը կհավաքվեն առանձին Youtube-ալիքում: Այս առնչությամբ Հարությունյանն ընդգծել է, որ UCom-ի բաժանորդները կարող են օգտվել այդ հարթակից՝ առանց ինտերնետ-տրաֆիկի ծախսի: <Հուսով եմ, որ Հայաստանի մյուս օպերատորները ևս կմիանան այս նախաձեռնությանը ՝ մեր աշակերտների համար ստեղծելով հեռավար ուսուցման հնարավորություններ>, - ասել է նա:
Հաջորդ 2 շաբաթների ընթացքում նախարարությունը մտադիր է վերահսկել կրթության հեռավար անցկացումը՝ սկսած էլեկտրոնային փոստի միջոցով առաջադրանքների ստացման գործընթացից, վերջացրած սոցիալական ցանցերում ուղիղ տեսակապով դասեր անցկացնելուց՝ հասկանալու համար, թե որքանով է արդյունավետ դա և արդյոք երկրում արտակարգ դրության ավարտից հետո անհրաժեշտ կլինի երկարաձգել կրթական գործընթացը: