Արմինֆո.Այսօրվանից կարգելվի 16 երկրներից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն, իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կառանտինային ռեժիմի:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, այդ երկրների թվում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Իտալիան,
Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Դանիան, Ավստրիան, Բելգիան, Նորվեգիան, Շվեդիա, Նիդերլանդները, Միացյալ Թագավորությունը:
ՙՉի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան։
Բացի այդ, օտարերկրյա ուղղություններից վերադարձող բոլոր ՀՀ քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14 օրյա ժամկետով: Ինքնամեկուսացման ընթացքում հիվանդության ախտանիշներ առաջանալու դեպքում պետք է անհապաղ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով՚, - ասվում է հաղորդագրությունում:
Կորոնավիրուսի լայն աշխարհագրական տարածման առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել ԱԳՆ՝ ՀՀ քաղաքացիներին հորդորելով խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց:
ՙՆերկայումս արտերկիր մեկնել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին հայտնում ենք, որ ձեր ուղևորությունը կարող է ընդհատվել՝ հաշվի առնելով տարբեր երկրների կողմից նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները և դրա արդյունքում տվյալ երկրի/երկրների կողմից ներդրվող ճամփորդության սահմանափակումները: ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր պլանավորում են օտարերկրյա պետությունից վերադառնալ Հայաստան, հորդորում ենք մինչ վերջնական որոշում կայացնելը մանրակրկիտ վերստուգել թռիչքների և տարանցիկ հնարավորությունների առկությունը՝ իրավիճակը սթափ գնահատելու և Հայաստան վերադառնալու կամ տվյալ երկրում մնալու վերաբերյալ խելամիտ որոշում կայացնելու համար: ԱԳՆ-ն և արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինները մշտապես կտրամադրեն թարմացվող տեղեկատվություն ճամփորդության հնարավորությունների և տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների վերաբերյալ: ՀՀ-ը իր դիվանագիտական ծառայության ողջ ներուժը ներդնում է արտերկրում գտնվող մեր քաղաքացիների կողքին լինելու և առավելագույնս օժանդակելու համար՚, - ասվում է ԱԳՆ հայտարարությունում:
Հավելենք, որ մարտի 16-ից մինչեւ ապրիլի 14-ը Հայաստանում արտակարգ դրություն Է հայտարարվել։ Ձեռնարկվում են բոլոր միջոցները երկրում կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխելու համար։ Երկրի բոլոր ցամաքային սահմանները փակ են ուղեւորահոսքի համար: