Արմինֆո. Հայաստանն ապահովված է կորոնավիրուսի հայտնաբերման համար բավարար քանակությամբ թեստերով։ Այդ մասին մարտի 17 - ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ Նա տեղեկացրել է, որ մինչև ընթացիկ շաբաթվա վերջ հանրապետություն կներկրվի լրացուցիչ ավելի քան 5 հազար թեստ
, ինչը, փոխնախարարի խոսքով, այս փուլում միանգամայն բավարար է աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու համար: "Բացի այդ, ամեն օր եւ ամեն ժամ այդ ուղղությամբ մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ", - ընդգծել է Նանուշյանը: Փոխնախարարը հիշեցրել է, որ թեստավորվում են այն քաղաքացիները, որոնց մոտ կլինիկական ախտանշաններ են հայտնաբերվել, մասնավորապես, ջերմաստիճանի բարձրացում, հազ, ծանր շնչառությունը, ինչպես նաեւ այն քաղաքացիները, որոնք վերադարձել են ռիսկային երկրներից կամ շփվել են այն անձանց հետ, որոնց մոտ կորոնավիրուսի թեստերի դրական արդյունքներ են գրանցվել:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա "թեժ գիծ" ՝ 8003, ինչպես նաեւ օպերատիվ զանգերի կենտրոն՝ 060838300: