Արմինֆո.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մարտի 17-ին նախատեսված դատական նիստը հետաձգվել է՝ դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով: Այս տեղեկությունը հաստատում են պետության նախկին ղեկավարի պաշտպաննները:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում էին այսօրվա նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։
Ավելի վաղ Հայաստանի երկրորդ նախագահն արդեն ազատ է արձակվել Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ: Սակայն այդ որոշումը բողոքարկվել է դատախազության կողմից։ Դրանից հետո Քոչարյանին կրկին ձերբակալեցին։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների շրջանակներում Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ: