Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ապրիլի 5-ին սահմանադրական հանրաքվեի կազմակերպման աշխատանքների վերաբերյալ:
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. <Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու անհրաժեշտությամբ պայմանավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2020 թվականի մարտի 15-ից տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը տեղափոխվում են: Դասընթացների անցկացման նոր օրերի վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն և տեղեկացում:
Կոչ ենք անում նաև խստորեն հետևել Առողջապահության նախարարության ցուցումներին, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց>:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում չէր բացառել կորոնավիրուսի հետ կապված սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետների վերանայման հարցի քննարկման հավանականությունը: