Շաբաթ, 14 Մարտի 2020 13:51
Կարինա Մանուկյան

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի «Ալ Բուստան» միջազգային փառատոնին

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի «Ալ Բուստան» միջազգային փառատոնին

Արմինֆո. Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի Լիբանանում անցկացվող հեղինակավոր «Ալ Բուստան» միջազգային փառատոնին:

 

Ինչպես ասվում է ՀՊԿՆ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, փետրվարի սկզբից անցկացվող փառատոնը պետք է եզրափակվեր Կամերային նվագախմբի չորս համերգներով, սակայն ստեղծված իրավիճակում տեղի իշխանությունները հորդորել են զերծ մնալ զանգվածային միջոցառումների անցկացումից: ՙՀաշվի առնելով հորդորը և երաժիշտներին ավելորդ ռիսկի չենթարկելու հանգամանքը՝ նվագախումբը Լիբանան չի մեկնի:

Հավելենք, որ երկարատև բանակցությունների շնորհիվ՝ ՀՊԿՆ-ը՝ որպես պաշտոնական նվագախումբ, մարտի 11-22-ը պետք է ելույթ ունենար ընդհանուր առմամբ ներկայացնելով չորս համերգային երեկո: Համերգների բոլոր տոմսերը միջոցառումներից օրեր առաջ արդեն իսկ վաճառված էին: Ամբողջ փառատոնը նվիրված էր հանճարեղ Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին: Հայաստանի պետական կամերային նվագախմբին Լիբանան էր հրավիրել «Ալ Բուստան» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ճանաչված դիրիժոր Ջանլուկա Մարչանոն, ով հետևել է ՀՊԿՆ-ի գործունեությանն ու հասցրել որպես դիրիժոր համագործակցել երաժիշտների հետ՝ երկու անգամ Հայաստանում ղեկավարելով նվագախումբը:  «Ալ Բուստան» միջազգային փառատոնն անցկացվում է 1994 թվականից, Լիբանանում: Փառատոնի շրջանակում մշտապես հանդես են գալիս բարձրակարգ արտիստներ աշխարհի տարբեր երկրներից: Միջազգային այս ստուգատեսը լուսաբանվում է բազում հեղինակավոր ԶԼՄ-ներով և դասական աշխարհին ներկայացնում ինքնատիպ ձևաչափեր: Փառատոնի շրջանակներում կազմակերպվում են նաև վարպետության դասեր, սեմինարներ՚, - ասվում է հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի