Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանը մարտի 14-ին կորոնավիրուսի թեստ կհանձնեն: Facebook-ում ուղիղ եթերի ընթացքում վարչապետը հաղորդել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Աննա Հակոբյանի՝ Բրազիլիա կատարած վերջին այցը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Բրազիլիայի նախագահի վարչակազմին կից հանրային հաղորդակցությունների քարտուղարության ղեկավար Ֆաբիո Վայնգարտենի մոտ: Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուսի թեստերը բացասական արդյունք են տվել։
Փաշինյանը հիշեցրել է, որ մարտի 7-ին Աննա Հակոբյանը հանդիպել է Բոլսոնարուի տիկնոջ հետ։ Հաշվի առնելով այս փաստը՝ վարչապետն ու տիկինը նախօրեին ինքնամեկուսացել են Սեւանի կառավարական առանձնատանը, եւ արդեն այսօր կհանձնեն թեստը ։ Ընդ որում, վարչապետը նշել է, որ իրենք տագնապալի ախտանիշներ չունեն։
Փաշինյանը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել եւ կատարել կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ Առողջապահության նախարարության բոլոր հանձնարարականները: Նա նաեւ չի բացառել, որ առաջիկայում որոշում կայացվի համերգների, թատերական ներկայացումների եւ այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակավոր արգելքի մասին: