Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսի եւս երկու նոր դեպք է հայտնաբերվել։ Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Այսպիսով՝վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8-ի ։
Թորոսյանի խոսքով ՝ կորոնավիրուսով երկու անձինք ավելի վաղ Էջմիածնում տեղի ունեցած հանդիսության մասնակից են, որին, ինչպես հետագայում պարզվել է, ներկա է եղել COVID-19-ով վարակված քաղաքացի, որը ժամանել էր Իտալիայից: Նշված անձինք ընդգրկված են եղել մեկուսացված քաղաքացիների մեջ, և տագնապալի ախտանշանների զարգացումից հետո շտապ տեղափոխվել են <Նորք> ինֆեկցիոն հիվանդանոց:
Անցկացված թեստերը հաստատել են նրանց մոտ COVID-19-ի առկայությունը ։ Նախարարը տեղեկացրել է, որ այս պահին հիվանդներն իրենց լավ են զգում եւ բողոքներ չունեն ։ Նրանց ընտանիքների անդամներն արդեն մեկուսացված են, ճշտվում է նրանց հետ շփվող քաղաքացիների շրջանակը ։ Այսպիսով՝Էջմիածնում չարաբաստիկ հանդիսության մասնակիցների շրջանում կորոնավիրուսը ախտորոշվել է հինգ մարդու մոտ։
Թորոսյանը նաեւ տեղեկացրել է, որ այսօր երեկոյան հայտնի կդառնան մարտի 1-ին Ծաղկաձորում մեկուսացված 31 քաղաքացու վերջնական անալիզների արդյունքները: Հիշեցնենք, որ համաճարակաբանական իրավիճակի հետ կապված ՝ Հայաստանի ուսումնական հաստատությունները կդադարեցնեն աշխատանքը մինչեւ մարտի 23-ը: