Արմինֆո."Ռազմական տեսություն" ինտերնետային պորտալը հրապարակել է հնդկաստանցի մեկնաբանի նյութը, որտեղ Հայաստանը անվանվում է "ԱՊՀ Սիլիկոնյան հովիտ":
Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության խորացման վերաբերյալ նյութի հեղինակ Ադիթի Բհադուրին նշում է, որ Հնդկաստանում շատերն, անգամ, չգիտեն, թե որտեղ է գտնվում Հայաստանը, այց Հայաստանում լավ գիտեն Հնդկաստանի մասին և պատրաստ են գնալ կոոպերացիայի ճանապարհով: "Հայաստանը համարվում է ԱՊՀ Սիլիկոնյան հովիտ, հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչպես նաև ունի Եվրոպական միության հետ գործընկերության համաձայնագիր", նշում է հոդվածագիրը, հավելելով, որ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը մեծ նշանակություն ունի, և այդ երկրի հետ կապերը խորացնելով, Հնդկաստանը կստանա այն ամենը, ինչ կարող է ստանալ, եւ ոչինչ չի կորցնի։
Հեղինակը հիշեցնում է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության (DRDO) կողմից Հայաստանի զինված ուժերի կարիքների համար SWATHI ռադարների մատակարարման շուրջ 40 մլն դոլարի պայմանագրի մասին և բացատրում գործարքի նպատակահարմարությունը։
Նրա համոզմամբ, դա համագործակցության նոր հեռանկարներ է բացում երկու երկրների համար, իսկ պաշտպանության ոլորտում համագործակցությունը միշտ էլ երկարաժամկետ է։ "Նման մատակարարումները օգնում է այնպիսի երկրներին, ինչպիսին Հայաստանն է, քանի որ դրանք ավելի էժան են, քան եվրոպական գործընկերների հետ։ Դրանք նաեւ Հնդկաստանի համար նոր շուկաներ են բացում եւ մեծ խթան են տալիս հայրենական պաշտպանական արտադրությանը", - նշել է աղբյուրը։