
Արմինֆո. Տուն-ինտերնատներում խնամվող անձանց կենցաղային պայմանները և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Ըստ այդմ՝ հանրապետությունում նախատեսվում է տարեցների համայնքային փոքր տների ստեղծում, ինչը համահունչ է խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման՝ կառավարության որդեգրած գաղափարին: Ներկայում հանրապետությունում գործում է տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող) անձանց շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող 12 հաստատություն, այդ թվում 7-ը՝ ոչ պետական: Բոլոր հաստատություններում միասին շուրջօրյա խնամքի ծառայություններ է ստանում շուրջ 1390 մարդ (որից՝ ոչ պետական հաստատություններում 180 մարդ), իսկ տնային պայմաններում սպասարկվում է ավելի քան 3800 մարդ, իսկ ցերեկային կենտրոններ հաճախում է շուրջ 2000-ը: Տարեցների փոքր տունը նոր տիպի կառույց է, որն էականորեն տարբերվելու է այսօր գործող խնամքի տներից: Յուրաքանչյուր տարեցի ապահովվածությունը բնակելի մակերեսով պետք է լինի ոչ պակաս քան 6 քմ և յուրաքանչյուր սենյակում պետք է բնակվի ոչ ավելի, քան երկու անձ՝ ի տարբերություն ներկայիս գործող խնամքի պետական հաստատությունների, որտեղ մեկ սենյակում բնակվում են 2-7 անձ: Նման տներն այլընտրանք են մեծ հաստատություններին և տնտեսապես առավել արդյունավետ են: Տարեցների փոքր տունը պետք է այնտեղ ապրողի համար ապահովի բարեկեցիկ կյանքի բոլոր տարրերը, այդ թվում` հարմարավետ կահավորված սենյակներ, մեկ տեղանոց կամ երկու` ամուսնական զույգերի կամ տարեցների համաձայնությամբ` երկուսով ապրելու, համապատասխան կոմունալ հարմարություններով և անհրաժեշտ սարքավորումներով, բազմատեսակ սնունդ տարեցի ընտրությամբ (այդ թվում՝ դիետիկ), անհրաժեշտ դեղորայքով և սանիտարահիգիենիկ պարագաներով ապահովում բարեկարգ, ծաղկազարդ բակ, հանգստի և ժամանցի սենյակներ, կենցաղային ծառայություններ (օրինակ` վարսավիրանոց և այլն), շուրջօրյա սպասարկում, ազատ ժամանցի կազմակերպում, մշակութային և այլ միջոցառումների անցկացում, բարձրակարգ մասնագետների առկայություն և այլն: Որոշմամբ առաջարկվում է հատկացնել 24,133.9 հազար դրամ կամ 45.44 հազար եվրո՝ անշարժ գույքի, նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար: