Արմինֆո. ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը հանդիպել են ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են նորանշանակ մաքսային կցորդի գործունեությանը եւ ռուս գործընկերների հետ նրա փոխգործակցությանը վերաբերող կազմակերպչական հարցեր: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը որոշում էր կայացրել ստեղծել մաքսային կցորդի պաշտոն՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի կարգավիճակով:
"Մաքսային կցորդի նշանակումը պայմանավորված է այն խնդիրներին օպերատիվ արձագանքելու անհրաժեշտությամբ, որոնք առաջանում են Ռուսաստանի մաքսային մարմինների հետ աշխատանքում, մասնավորապես, "Վերին Լարս" անցակետում",-ասել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այն ժամանակ ՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության այդ որոշումը: Ընդ որում, նա հավելել է, որ կցորդի աշխատանքը պայմանավորված է նաեւ Ռուսաստանում մաքսային ոլորտի հետ կապված Հայաստանի շահերը ներկայացնելու անհրաժեշտությամբ: