Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւ դեսպանատան ռազմական եւ ռազմաօդային կցորդ Անդրեյ Գրիշչուկն այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Ինչպես հաղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը, պրոֆեսորադասախոսական կազմի և ավարտական կուրսերի սաների հետ Կոպիրկինի հանդիպման շրջանակներում համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանը դիվանագիտական առաքելության ղեկավարին ծանոթացրել է ուսումնական հաստատության կառուցվածքին և կրթական գործընթացին:
Իր ողջույնի խոսքում Ռուսաստանի դեսպանը, ընդգծելով երկու երկրների միջեւ հարաբերությունների ռազմավարական մակարդակը, նշել է, որ ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցությունը դինամիկ զարգացող ոլորտ է ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլեւ որպես տարածաշրջանային անվտանգության համակարգի եւ ընդհանուր բազմակողմ կառույցների, առաջին հերթին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մաս:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և ռուսական պրոֆիլային բուհերի փոխգործակցության ընթացիկ վիճակն ու հեռանկարային ուղղությունները: Ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած զրույցի վերջում Սերգեյ Կոպիրկինը պատասխանել է ուսումնական հաստատության աշխատակիցների և սաների հարցերին: