Արմինֆո. Այս պահին քայլեր են ձեռնարկվում, որպեսզի Սահմանադրության մեջ ամրագրված ամեն ինչ իրականություն դառնա, և առաջիկա հանրաքվեն միտված է դրան։ Այդ մասին այսօր Մեղրիում տեղի ունեցած քարոզչական հանրահավաքի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 2015-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման ժամանակ հայտարարություններ են հնչել այն մասին, որ այդ ամենն արվում է Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու նպատակով, իսկ իշխանությունը պնդել է, որ նման բան չկա, և դա արվում է, իբր, իշխանության ինստիտուտների կայացման համար: "Եվ նրանք ասում էին՝ տեսեք, թե ինչ փոփոխություններ ենք մենք կատարում Սահմանադրական դատարանի ինստիտուտի հետ կապված, դա հեղափոխական նշանակություն կունենա Հայաստանի համար ։ Մինչդեռ, Սահմանադրությունն ասում է, որ ՍԴ-ն պետք է լինի հավասարակշռված, ապաքաղաքական մարմին։ Ասվում էր, որ եթե նախկինում նույն խորհրդարանական մեծամասնությունը և առաջադրում էր, և ընտրում Սահմանադրական դատարանի անդամ, ապա հիմա մենք փոխում ենք դրա ձևավորման կարգը։ Որ դրանից հետո ԱԺ-ն այլևս չի ունենա ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու հնարավորություն, կլինի միայն "կողմ" կամ "դեմ" քվեարկություն։ Ըստ նոր կարգավորումների՝ Սահմանադրական դատարանի անդամության երեք թեկնածուների առաջադրելու է նախագահը, եւս երեքին՝ կառավարությունը, եւ նույնքան էլ ՝ դատավորների ընդհանուր ժողովը, որոնց օգտին հետո կքվեարկի խորհրդարանը", - հիշեցրել է կառավարության ղեկավարը։ Նա հավելել է, որ սա երաշխիք է, որ երկրում չի լինի կուսակցական ՍԴ, որը ձևավորվել է մի խումբ որոշակի անձանց կողմից: Փաշինյանը նաև ներկայացրել է երկրորդ մեծ փոփոխությունը. եթե մինչ այդ ՍԴ անդամն իր պաշտոնը ցմահ էր զբաղեցնում, ապա Սահմանադրության նոր խմբագրությամբ՝ 12 տարի, իսկ ՍԴ նախագահն ընտրվում է 6 տարով և ընդամենը մեկ անգամ: Երրորդ փոփոխությունն այն է, որ ՍԴ ղեկավարին ընտրում է ոչ թե ԱԺ-ն, այլ հենց ՍԴ դատավորներն իրենց միջից։ ՍԴ նախագահի պաշտոնավարումը ցմահ էր, իսկ հիմա դարձել է 6 տարի։ "Հիմա այդ Սահմանադրությունն ուժի մեջ է 100 տոկոսով։ Բայց հարց. իմ նկարագրած Սահմանադրական դատարանն այսօր գոյություն ունի՞, թե՞ ոչ ։ Ոչ, նման ՍԴ մենք չունենք։ Ըստ Սահմանադրության, ՍԴ նախագահի ընտրությունը պետք է կայանար վեց տարի ժամկետով։ Այսինքն՝ ՍԴ նախագահի հաջորդ ընտրությունները պետք է կայանան 2024 թվականին։ Բայց նրանց դրույթով դա պետք է տեղի ունենա 2035 թվականին։ Այսինքն՝ ՍԴ ղեկավարի առնվազն երկու ընտրություն չեղարկվել է։ Դա նույնն է, եթե մենք ասենք՝ ահա 2018 թվականին մենք ընտրեցինք խորհրդարան, լավ է, եկեք ինչ-որ օրենք մտածենք, որը թույլ տա մինչև 2035 թվականը ԱԺ ընտրություններ չանցկացնել։ Բայց ինչպես կարող է նման բան լինել։ Դա անհեթեթություն է։ Եվ այստեղ հարց է առաջանում ՝ ինչպես է դա նրանց հաջողվել։ Նրանք անցումային դրույթներում գրել են, որ այդ փոփոխությունները չեն տարածվում այն դատավորների վրա, որոնք ընտրվել են հին կարգով։ Բայց նաեւ չեմ կարծում, որ դա արվել է հին դատավորների համար: Երբ Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը նստած՝ ոլորտներն էին բաժանում, հստակ հարց է եղել. եթե Թովմասյանը Սարգսյանի համար հնարավորություն է ստեղծում երկիրը ցմահ ղեկավարելու համար, ապա վերջինս, չէ որ այնքան էլ էժան տղա չէ, պետք է ասի. իսկ դու, Հրայր ջան, ցմահ ՍԴ նախագահ ես լինելու", - նշել է կառավարության ղեկավարը։
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեն նշանակվել է ապրիլի 5-ին։ Հանրաքվեի է դրվելու ՀՀ սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու մասին որոշումը, ինչը ենթադրում է ՍԴ լուծարում:
"Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության կազմած " Այո " - ի քարոզչական շտաբը ղեկավարում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Ինչ վերաբերում է "Ոչ" նախաձեռնող խմբին, ապա առաջին տասնյակում են Ռուբեն Մելիքյանը, Գոհար Մելոյանը, Արսեն Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Տիգրան Աթանեսյանը, Աստղիկ Մաթևոսյանը, Արտակ Ասատրյանը, Սիրանուշ Սահակյանը, Անահիտ Սարգսյանը, Արսեն Մկրտչյանը: