Արմինֆո. Ադրբեջանական դիվերսիան եւ, ընդհանրապես, Տավուշի ուղղությամբ ակտիվությունը բանակցությունների աշխուժացման ֆոնին կասկածներ են հարուցում Արցախի շուրջ բանակցային գործընթացի բովանդակության վերաբերյալ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
"ԱԳ նախարարների ժնևյան բանակցությունները տևել են երկու օր՝ 11 ժամ։ Ընդ որում, դրանց բովանդակությունը հանրությանը չի բացահայտվում։ Այդուհանդերձ, մեր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պարբերաբար հավաստիացումներ է անում իրավիճակի կայունության և վերահսկելիության պահպանման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների վերաբերյալ։ Եվ այս ամենի ֆոնին մենք սահմանին դիվերսիա ենք տեսնում։ Դա հարցեր է առաջացնում բանակցություններում մեր ԱԳՆ-ի որդեգրած ուղղության ճիշտ լինելու վերաբերյալ", - ընդգծել է նա։
Մարտի 6-ին ադրբեջանցի զինծառայողները դիվերսիոն ներթափանցման փորձ էին ձեռնարկել հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկում: ՀՀ զինված ուժերի անձնակազմի պատասխան գործողությունները հանգեցրել էին դիվերսանտների նահանջին ելման դիրքեր, ինչն ուղեկցվել էր կորուստներով: Հակառակորդը թողել էր զինամթերք և ականազերծման սարք: ՀՀ ԶՈՒ անձնակազմի շրջանում կորուստներ չկան , մեկ զինծառայող թեթև վիրավորում էր ստացել: Մինչդեռ, վերջին օրերին Բաքուն հայտարարել է Տավուշի ուղղությամբ երեք զինծառայողների կորստի մասին։
Որպես վաղուց մարած դիվերսիոն ակտիվությունը վերսկսելու Ադրբեջանի հնարավոր շարժառիթ՝ քաղաքական գործիչը մատնանշել է արտաքին քաղաքական գործոնները։ Նրա գնահատականներով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ թուրքական ակտիվության հերթական պոռթկումն Իդլիբի շուրջ ռուս-թուրքական բանակցությունների ֆոնին բավականին կասկածելի է թվում։
"Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական ագրեսիվ հակահայկական հայտարարությունները, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցությունը, Անկարայում նրա հանդիպումը համանախագահների հետ։ Կարևոր է, որ միջնորդների կողմից այս հանդիպման բովանդակության վերաբերյալ որևէ բացատրություն այդպես էլ չի ներկայացվել։ Մեր ԱԳՆ-ն պետք է բացատրություն պահանջի համանախագահներից։ Այո, Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, եւ նման անդամները 9-ն են, բայց, չգիտես ինչու, միջնորդները իրավիճակը քննարկում են միայն Թուրքիայի հետ", - ամփոփել է Սարգսյանը։
Մարտի 2-ին Անկարայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքում Չավուշօղլուն Twitter-ի իր էջում միջնորդներին կոչ էր արել "հակամարտությունը լուծել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում":