Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ն հերթական անգամ դիմել է այս պահին Իտալիայի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին։
ՙՀաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՚, - ասվում է ԱԳՆ հայտարարությունում։
Հավելենք, որ Իտալիայում կորոնավիրուսի տարածումը կանխելու արտակարգ միջոցները այժմ գործում են երկրի ողջ տարածքում։ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն կարգադրել է ընդլայնել կարանտինային միջոցառումների գործողությունը, ներառյալ հանրային հավաքների եւ մարզական միջոցառումների սահմանափակումը, ինչպես նաեւ դպրոցների փակումը ողջ երկրում: Նոր միջոցառումներն ուժի մեջ են մտել երեքշաբթի առավոտից: Կոնտեն հայտարարել է, որ այժմ Իտալիայի ողջ տարածքում պետք է խուսափել տեղաշարժերից, բացառությամբ անհրաժեշտության հաստատված հանգամանքների, աշխատանքի կամ առողջության հետ կապված: Ուսումնառությունը դպրոցներում և համալսարաններում դադարեցվել է մինչև ապրիլի 3-ը: Արգելված են բոլոր արարողությունները, այդ թվում՝ հարսանիքները, հուղարկավորությունները եւ եկեղեցական ծառայությունները, չեն աշխատում թատրոնները, կինոն, թանգարաններն ու մարզասրահները:
Իտալիայում ներկայում գրանցվել է վիրուսի նոր տեսակով վարակվելու ավելի քան 9,1 հազար դեպք, 724 մարդ արդեն ապաքինվել է, 463-ը՝ մահացել: Իտալիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը մեկ օրում աճել է գրեթե 2 հազարով, զոհերի թիվը՝է գրեթե 100-ով: