Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Իտալիա այցելելուց՝ կորոնավիրուսի առնչությամբ: ՙՀաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։
ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՚, - ասվում է նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարությունում։
Ինչպես հաղորդում է BBC-ն, Իտալիայում կորոնավիրուսի տարածումը կանխելու արտակարգ միջոցառումներն այժմ գործում են երկրի ողջ տարածքում: Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն կարգադրել է ընդլայնել կարանտինային միջոցառումների գործողությունը, ներառյալ հանրային հավաքների եւ մարզական միջոցառումների սահմանափակումը, ինչպես նաեւ դպրոցների փակումը ողջ երկրում՝ մինչև ապրիլի 3-ը: Մինչ այդ կարանտինը գործում էր միայն Իտալիայի հյուսիսային շրջաններում։
Իտալիայում գրանցվել է հիվանդացածների ամենամեծ թիվը Չինաստանից հետո՝ 9172 մարդ, իսկ մահվան ելքերի թիվը հասել է 463-ի: Վարակվածների թվով Իտալիան առաջ է անցել Հարավային Կորեայից, որտեղ դեպքերի ընդհանուր թիվը կազմում է
7478: Իտալիայի առողջապահության նախարարությունն անցած հանգստյան օրերին կորոնավիրուսից մահացության տվյալներ է հրապարակել. մահացածների միջին տարիքը 81,4 է: