Արմինֆո. Աշխարհում Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով` առողապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքացիներին կոչ է անում խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա: Այդ մասին նախարարը գրել է ՙՖեյսբուքի՚ իր էջում՝ նշված երկրներից վերադարձած քաղաքացիներին խորհուրդ տալով 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ:
Արսեն Թորոսյանը նաև խորհուրդ է լալիս ՙՀայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս խուսափել տվյալ երկրներ մեկնելուց, ինչպես նաև գործուղումներ մեկնելիս անել դա միայն խիստ անհրաժեշտության դեպքում՚:
ՙԳործատուներին` ապահովել նշված երկրներից վերադարձած աշխատողների հեռահար աշխատանքը տնից:
Խուսափել Հայաստանում միջազգային միջոցառումներ կազմակերպելուց` նշված երկրներից ժամանած անձանց մասնակցությամբ:
Եթե վերջին 14 օրերին վերադարձել եք Հայաստան և ունեք ախտանշաններ` ջերմություն, հազ և դժվարացած շնչառություն, ապա զանգահարեք շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»` 060 83 83 00 կամ ԱՆ «թեժ գիծ»` 8003 հեռախոսահամարներով:
Նաև հորդորում ենք.
Խուսափե'լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե'լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ,
Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե'լ բժշկի՚, - ընդգծել է առողջապահության նախարարը:
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի մեկ դեպք է հայտնաբերվել։ Հիվանդը, ինչպես նաեւ 31 մեկուսացված քաղաքացիներն իրենց լավ են զգում: