Արմինֆո.: Հայ-ադրբեջանական պետական սահմանին սրացումը պայմանավորված է մերձավորարևելյան ուղղությամբ, մասնավորապես, Սիրիայում իրավիճակի զարգացմամբ։ Մարտի 9-ին մամլո ասուլիսում Այդպիսի տեսակետ է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա համոզմամբ՝ դա թուրքական դիվանագիտական խաղի շարունակությունն է։ Սաֆրաստյանը կարծում է, որ այդպիսով Թուրքիան ցույց է տալիս Ռուսաստանին, որ ցանկացած պահի Ադրբեջանի միջոցներով կարող է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում: Միևնույն ժամանակ, արևելագետը կարծում է, որ այն իրավիճակը, որն այսօր առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ձեռնտու է բոլորին։
Ընդ որում, Սաֆրաստյանը պատահական չի համարում լարվածության բռնկումը հենց հայ - ադրբեջանական պետական սահմանին, այլ ոչ թե Արցախում, ինչպես դա եղել է նախկինում: "Հայաստանի տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմակայանը։ Հետեւաբար, վերջին դիվերսիոն ներթափանցումների և հրաձգությունների վայրի ընտրությունը պատահական չէ: Այդպիսով Անկարան ուղերձներ է հղում Մոսկվային։ Թեև՝ բոլորին էլ հասկանալի է, որ ռազմական գործողությունների սանձազերծման դեպքում նրանք դրական ելքի հնարավորություն չունեն։ Դա Անկարայի դիվանագիտական խաղն է. ցույց տուր առավելագույնը՝ ինչ-որ բան կորզելու նպատակով",- եզրափակել է արեւելագետը։
Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակն անհանգիստ է։ Փոխհրաձգության արդյունքում հայկական կողմից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, հակառակորդի կողմը երկու զոհ ունի: Բացի այդ, ՀՀ ԶՈՒ-ն կանխել է Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն խմբի ներթափանցման փորձը: Իսկ արդեն երեկ գնդակոծության են ենթարկվել Հայաստանի սահմանամերձ գյուղերը։