Արմինֆո. Մինչև Ադրբեջանի հետ մեր հակամարտության վերջնական կարգավորումն արցախցիների իրավունքների իրացման հետաձգումը, առավել ևս, անտեսումն անթույլատրելի է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի ԱԳ նախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը։
"Համոզված եմ, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և մեր հանրապետության միջազգային մակարդակով չճանաչված կարգավիճակը որևէ կերպ խոչընդոտ չպետք է հանդիսանան և չեն հանդիսանում մեր քաղաքացիների իրավունքների իրացման համար: Դե յուրե ճանաչումը չպետք է երկրորդ պլան մղի մեր քաղաքացիների անքակտելի իրավունքներից ու ազատություններից լիարժեք օգտվելու պայմանների ստեղծման անհրաժեշտությունը", - ընդգծել է նա։
Ադրբեջանաղարաբաղյան բուն հակամարտությունը, Մայիլյանի գնահատմամբ, կարող է եւ պետք է կարգավորվի բացառապես Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստի անվերապահ ճանաչման հիման վրա: Ելնելով հասարակական կարծիքի զարգացման մշտական հետևողությունից և վերլուծությունից ՝ Մայիլյանը պատրաստակամություն է հայտնել առավելագույնս օգտակար լինել արցախցիների իղձերի և ընդհանուր նպատակների իրականացման համար:
Նրա գնահատմամբ ՝ դա պետք է տեղի ունենա հասարակության առողջ ուժերի համախմբման արդյունքում ՝ Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերը քննարկելու, ընդունելու և հետևողականորեն կյանքի կոչելու նպատակով:
Նախագահի թեկնածուն համոզված է, որ պետական, դիվանագիտական և վերլուծական գործունեության իր փորձը թույլ է տալիս պատասխանատվություն ստանձնել և գլխավորել նոր որակի իշխանության ձևավորման գործընթացները: "Իշխանության, որն ունակ է դիմակայել ներքին և արտաքին մարտահրավերներին, բարելավել, բարձրացնել հասարակության և բնակչության բարեկեցության մակարդակը, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության մակարդակը, սկսել աշխատել արցախցիների համար ավելի լավ ապագա ձևավորելու ուղղությամբ։ Այս լույսի ներքո՝ մենք վճռական քայլեր կձեռնարկենք մեր պետության և հասարակության հետևողական զարգացմանը խոչընդոտող բացասական երևույթներն արմատախիլ անելու ուղղությամբ։ Առաջին հերթին, կապահովենք բոլոր պետական ինստիտուտների գործունեության թափանցիկությունը, կկարգավորենք հասարակության եւ իշխանության իրական երկխոսությունը, ջանքերը կուղղենք առաջընթացին խանգարող մտածողության եւ կարծրատիպերի իներցիայի վերացմանը", - հայտարարել է նա։
Նկատի ունենալով ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողության ռեսուրսների աննախադեպ ավելացումը՝ Մայիլյանը նշել է առաջիկա ընտրություններում թափանցիկություն ապահովելու բացառիկ հնարավորության առկայության փաստը: "Արցախի հասարակության որոշ շրջանակներ իներցիայով պնդում են ընտրությունների արդյունքների կանխորոշվածության մասին։ Համոզված եմ, որ նրանք ստիպված կլինեն իրապես մրցակցել ընտրություններում, այս անգամ մենք մանիպուլյացիաներ թույլ չենք տալու։ Ես կոչ եմ անում իմ մրցակիցներին մտնել բաց նախընտրական պայքարի մեջ։ Պայքար, որում կհաղթի ուժեղագույնը", - ամփոփել է Մայիլյանը։
Մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում Մասիս Մայիլյանի թեկնածությունը բացի Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կուսակցությունից պաշտպանում են եւս մի քանի քաղաքական ուժեր: Մայիլյանի հիմնական մրցակիցը նախկին պետնախարար, երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Արայիկ Հարությունյանն է։ ԿԸՀ-ում գրանցվել է նախագահի 12 թեկնածու։