Արմինֆո. <Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետեւ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Հայաստանում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպը:
Հիշեցնենք, որ երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը մետրոյում նախընտրական բուկլետներ էր բաժանում, մի երիտասարդ աղջիկ պատռեց Փաշինյանի տված բուկլետը և նետեց նրա վրա։
<Այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետեւ ապրում է եւ ապրելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։
Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եւ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը>,- նշել է Փաշինյանը: