Արմինֆո. Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՙԴիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում են: Գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ: Ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործվել է ոչ ադրբեջանական ականորսիչ՚, - ասվում է հաղորդագրությունում: