Արմինֆո. Հայաստանի զանգվածային լրատվության միջոցները կարող են առանց սահմանափակման եւ վճարի իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում ձեռնարկությունների եւ դրանց իրական սեփականատերերի մասին տեղեկատվություն ստանալ:
"Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին", " Պետական տուրքի մասին", " ԶԼՄ-ների մասին" եւ "Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների հաշվառման մասին "օրենքներում համապատասխան ուղղումները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունվել են մարտի 6-ին ԱԺ նիստում:
Ինչպես իր ելույթում նշել է արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ էր վճարել 3 հազար դրամ պետական տուրք, եթե պահանջվող տեղեկատվությունը մեկ ամսվա ընթացքում գերազանցել է 10 էջը: Այժմ այդ սահմանափակումները հանվում են։ Դրա համար Լրատվամիջոցները պետք է տեղեկատվություն ստանալու հայտ ներկայացնեն՝ ստանալով Id-քարտերի միջոցով էլեկտրոնային համակարգ մուտք գործելու իրավունք։ Այս նախաձեռնությունը, ինչպես նշել է փոխնախարարը, կնպաստի փաստերի վրա հիմնված հետաքննչական լրագրության զարգացմանը: Սրբուհի Գալյանը չի բացառել ապագայում նաև երկրի քաղաքացիներին նման իրավունք տրամադրելու հնարավորությունը:
Ավելի վաղ կառավարության նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել էր, որ e-draft-ում նախագծի զետեղումից հետո մի շարք լրատվամիջոցներ այդ ամենին բավականին բուռն են արձագանքել, պնդելով, որ դրանով փորձ է արվում վերահսկել: "Բայց կյանքը ցույց տվեց, որ նման նպատակ չի եղել, այլ միայն անվճար տեղեկատվություն տրամադրել հրապարակվող նյութերում օգտագործելու համար", - նշում էր Բադասյանը:
Իր հերթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. "Արդեն մոտ մեկ տարի է, ինչ լրագրողներն իրենք են խնդրում լուծել այդ խնդիրը։ Եթե չեն ցանկանում, կարող ենք դա չանել"։ Ի պատասխան՝ արդարադատության նախարարը նշել է, որ հնարավոր է շարժումը ուղղորդվել է ինչ-որ ուժերի կողմից։ Նախագծով նաև ընդլայնվում է "զանգվածային լրատվամիջոց" հասկացությունը, այստեղ կներառվեն նաև նրանք, ովքեր զբաղվում են ինտերնետային ցանցում լրատվական գործունեությամբ։