Արմինֆո.Պաշտոնական Բաքուն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Անկարա այցին և Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը:
Մասնավորապես՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլլաևան, մեկնաբանելով իրավիճակը, մասնավորապես, ասել է. <Թուրքիան տարածաշրջանում բոլոր նախագծերի և գործընթացների ակտիվ մասնակից է և շահագրգռված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Մենք շահագրգռված ենք, որպեսզի այդ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Իրականում հայկական կողմը նման անհեթեթ դիրքորոշմամբ իրեն ծիծաղելի վիճակի մեջ է դնում>։
Ընդ որում, նա ենթադրել է, որ պաշտոնական Երեւանը չի հետեւում եւ չի վերլուծում տարածաշրջանում և դրա շուրջ սրընթաց զարգացող իրադարձությունները: <Թեև աշխարհում և, մասնավորապես, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների սթափ և իրական վերլուծությունը կնպաստեր հայկական կողմի կառուցողականությանը հարեւան երկրների հետ փոխհարաբերություններում ։ Թուրքիան տարածաշրջանում բոլոր նախագծերի եւ գործընթացների ակտիվ մասնակից է եւ շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական անդամ է ստեղծման առաջին իսկ օրվանից և մշտապես ակտիվորեն մասնակցել է վերջինիս աշխատանքներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ խորհրդակցություններին>,- ասել է Աբդուլլաևան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելել են Թուրքիա: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է համանախագահների և Անջեյ Կասպրշիկի հետ։
Չավուշօղլուն միջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի ակտիվ գործի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Նախարարը նշել է, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնիշխանության և միջազգային մակարդակով ճանաչված սահմանների շրջանակներում:
Մեկնաբանելով այս հանդիպումը եւ խաղաղ բանակցային գործընթացում Թուրքիայի ներգրավվածության հեռանկարները՝ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, մասնավորապես, ասել է. <Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ>:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպման մասին հաղորդագրությանը, ասել էր. «Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»»: