Արմինֆո. Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ: Այս մասին ասվում Թուրքիայի ԱԳ նախարարի՝ ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարության առնչությամբ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ:
Հիշեցնելով, որ արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան անդրադարձը՝
Նաղդալյանը, մասնավորապես, ասել է. <Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ>:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելել են Թուրքիա: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է համանախագահների և Անջեյ Կասպրշիկի հետ։
Չավուշօղլուն միջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի ակտիվ գործի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Նախարարը նշել է, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնիշխանության և միջազգային մակարդակով ճանաչված սահմանների շրջանակներում: -լ-
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպման մասին հաղորդագրությանը, ասել է. «Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»»: