Արմինֆո. Թուրքիայի ղեկավարությունը նախկինում էլ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, այսինքն ՝ այդ պրակտիկան նոր չէ։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Պատգամավորը նշել է, որ Թուրքիան միշտ փորձել է առավելագույնս նրգրավված լինել
ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: <Բոլորին հայտնի է, որ
Անկարան կանխակալ կողմ է, որն ամեն ինչում աջակցում է Բաքվի դիրքորոշմանը: Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հստակ արձագանքել է <խորհրդին>, որը համանախագահներին տվել է Թուրքիայի ԱԳ նախարարը>, - հայտարարել է Հայրապետյանը։
Նա նաև ընդգծել է, որ ամեն դեպքում Թուրքիայի ներգրավումն այս գործընթացում չափազանց անցանկալի է ՝ հաշվի առնելով վերջինիս դիրքորոշումը։ <Թուրքիան փորձում է այդ հանդիպմանը քաղաքական երանգ տալ, սակայն դա ընդամենը ֆորմալ հանդիպում է, և որևէ մտավախություն չի ներշնչում>,- նշել է պատգամավորը։
Հայրապետյանը հայտարարել է, որ Թուրքիան միշտ փորձել է, և մինչ օրս փորձում է ամեն կերպ ազդել ղարաբաղյան հարցի կարգավորման վրա։ <Բայց մենք մեր դիվանագիտական ջանքերով կանխում ենք այդ փորձերը։ Թուրքիան շարունակելու է փորձել ներգրավվել գործընթացում, իսկ մենք ամեն ինչ անելու ենք դա թույլ չտալու համար։ Անկարան իր շահերն ունի տարածաշրջանում, սակայն արցախյան հարցը նրան չի վերաբերում, եւ նրա բոլոր ջանքերը ձախողվելու են>, - նշել է ադրբեջանագետը ։
ԱրմԻնֆո-ի թղթակցի այն հարցին, թե որքանով է հավանական, որ Անկարայի և Մոսկվայի միջեւ լարված իրավիճակը կանդրադառնա Արցախի վրա՝ պատգամավորը նշել է. <Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը ևւ Մերձավոր Արեւելքի լարված վիճակը` չեմ կարծում, որ Ադրբեջանը կփորձի ակտիվություն դրսեւորել ղարաբաղյան հակամարտության գոտում ։ Բանն այն է, որ հիմա Ադրբեջանը լուրջ ներքաղաքական խնդիրներ ունի ։ Հաշվի առնելով այս և Հայաստանի ընդհանուր իրավիճակը ՝ Բաքվին ձեռնտու չէ այս պահին գնալ հակամարտության սրման։ Բայց այն, որ ղարաբաղյան հարցում Անկարան եւ Բաքուն դաշնակիցներ են, պետք է միշտ հիշել եւ բաց չթողնել այդ հանգամանքը տեսադաշտից>, - եզրափակել է Հայրապետյանը ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելել են Թուրքիա: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է համանախագահների և Անջեյ Կասպրշիկի հետ։
Չավուշօղլուն միջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի ակտիվ գործի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Նախարարը նշել է, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնիշխանության և միջազգային մակարդակով ճանաչված սահմանների շրջանակներում: