Արմինֆո. ԵԱՏՄ երկրներից ներմուծված ավտոմեքենաների գրանցման խնդիրը նախկինի պես արդիական է։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը informburo.kz-ի հետ հարցազրույցում:
Նա փաստել է, որ շատ մարդիկ այս կամ այն կերպ հարեւան երկրներից մեծ քանակությամբ ավտոմեքենաներ են ներմուծել։ "Իմ հանձնարարությամբ գլխավոր դատախազությունը իրավական գնահատական է տվել այս իրավիճակին։ Դժգոհություն կա որոշ պետական կառույցների գործունեությունից։ Բացի այդ, անհատները, միտումնավոր խախտելով օրենսդրությունը եւ խաբելով մարդկանց, դրա վրա կառուցել են անօրինական բիզնես։ Հայաստանից մեքենաների ներմուծման ժամանակ խարդախ գործողությունների փաստերով քննություն է ընթանում", - ասել Է Ղազախստանի նախագահը։
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ կան հարցեր նաեւ ԵԱՏՄ-ի որոշ գործընկերների հետ փոխգործակցության վերաբերյալ: "Մենք նրանց հետ միասին աշխատում ենք, որպեսզի բացառենք ապագայում նման խնդիրների կրկնության հնարավորությունը։
Կառավարությանը հանձնարարվել է մշակել լրացուցիչ կազմակերպչական միջոցներ Հայաստանից ներմուծված ավտոմեքենաների շահագործման կանոնակարգման ուղղությամբ՝ հաշվի առնելով ղազախստանցի սեփականատերերի շահերը", - եզրափակել է Ղազախստանի ղեկավարը։
Հիշեցնենք, որ պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, հունվարի 24-ին ելույթ ունենալով կառավարության ընդլայնված նիստում, նշել էր, որ երկրում խնդիր կա Եվրասիական տնտեսական միության երկրներից ներմուծված ավտոմեքենաների առնչությամբ, որոնք ժամանակին գրանցումային հաշվառման չեն դրվել: ՂՀ նախագահը հանձնարարել է Գլխավոր դատախազությանը իրավական գնահատական տալ ստեղծված իրավիճակին։ Այս խնդրի լուծման համար կառավարությունը մեկամսյա ժամկետում միանվագ կարգով պետք է ապահովի 2020 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ԵԱՏՄ երկրներից անձնական օգտագործման համար Ղազախստանի քաղաքացիների կողմից ներմուծված ավտոմեքենաների ժամանակավոր գրանցումը:
Նախագահը պարզաբանել է, որ այդ ավտոմեքենաների գրանցումը կգործի մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը: Մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը ավտոսեփականատերերը պետք է վճարեն մաքսատուրքեր եւ ուտիլիզացիոն գանձում, ավտոմեքենան մշտական հաշվառման դնելով, կամ այն երկրից դուրս բերեն, կամ իրականացնեն օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ: Վերջում երկրի ղեկավարը կառավարությանը հանձնարարել է դադարեցնել ավտոմեքենաների ապօրինի ներկրումն այլ երկրներից: